ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

«Առաջին սերնդի հայերը ինչքան էլ հեռու լինեն, Հայաստանի ճանապարհին են մինչև մահ»

«Առաջին սերնդի հայերը ինչքան էլ հեռու լինեն,  Հայաստանի ճանապարհին են մինչև մահ»
15.07.2016 | 12:38

Գրող, թարգմանիչ ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ մեր զրույցը «Ոստանի վերջին ճամփորդությունը» գրքի շուրջ է: Գրքում տեղ գտած համանուն վիպակում ողջ կյանքն օտար ափերում վատնած Ոստանը ոտքով բռնում է հայրենիքի ճամփան:

-Ո՞վ էր Ոստանը: Նրա ճամփորդությունը կարծես չի էլ ավարտվում:
-Եթե նույնիսկ ավարտվեր, արդյունքը նույնն էր լինելու: Ողջ կյանքը, լավագույն տարիները, երբ կարող էր ինչ-որ բան անել, ինչ-որ բան ստեղծել, նա վատնել է հեռուներում: Հիմա ինչո՞ւ է վերադառնում, որ ծերացող ոսկորները հայրենի հողի՞ն պահ տա: Առաջին սերնդի արտագաղթածները, այսպես թե այնպես, կապված են Հայաստանին: Քիչ բան չէ՝ մանկությունը, երիտասարդությունը Հայաստանում են անցկացրել: Նրանք մինչև վերջ էլ փորձում են պահպանել իրենց ազգային ինքնությունը, առիթը բաց չեն թողնում հայերով իրար գլխի հավաքվելու, հայերեն ասել-խոսելու, նույնիսկ հուղարկավորությունները հայկական ծիսակարգով են անում, հայ քահանա կանչում: Այնուհանդերձ սին մխիթարություն է: Նրանց երեխաներն ուրիշ միջավայրում են մեծանում, այլ մշակույթի կրողներ դառնում, իսկ եթե ծնվել են խառն ամուսնությունից, հայ ազգային ինքնության կորուստն ավելի է արագանում: Էլ չեմ խոսում թոռների մասին, որոնք արդեն սոսկ հայկական արմատների աղոտ հիշողություն ունեն: Սա, նաև այն թախիծը, որ տեսել եմ Հայաստանում ծնված, օտարության մեջ ծերացած տարեցների աչքերում, ինձ դրդեցին գրելու «Ոստանի վերջին ճամփորդությունը»: Իհարկե, ասվածը չպետք է ընդհանրացնել, մարդիկ տարբեր են, այդ թվում՝ հայերը:
-Ոստանը մեր ժամանակների հայն է, բայց օտար ափերում բախտ որոնող հայի խնդիրը շատ ավելի խորքային է ու հին:
-«Որտեղ հաց, այնտեղ կաց» արտահայտությունը փոքր հասակում եմ լսել: Ըստ երևույթին, գալիս է այն պատմական ժամանակներից, երբ պետականությունը կորցրած հայությունը հաճախ էր ստիպված լինում զանգվածային գաղթի դիմելու՝ փնտրելով ավելի խաղաղ ու անվտանգ վայրեր: Հաճախ էլ նրան բռնի էին տեղահանում: Աշխատանքային պարբերական արտագաղթը անցյալ դարասկզբին սկիզբ առավ Արևմտյան Հայաստանում. տղամարդիկ տունուտեղ, ընտանիք թողած Պոլիս էին գնում, հիմնականում բեռնակրություն անում: Հիմա թուրքական լծի տակ տառապող արևմտահայերին փոխարինել են ազատ-անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, և պատճառը դարձյալ սոցիալական է: Ոմանք, իհարկե, հասնում են բարեկեցության, բայց ոմանք էլ դրսում համաձայն են այնպիսի աշխատանք կատարելու, որը ոչ մի դեպքում չէին անի Հայաստանում:
-Ոստանն ընկնում է Հայաստանի՞ ճանապարհին:
- Այո, թեև մտովի, սոսկ մտովի:
-Եվ վախճանվում է օտար հողում:
-Այո, քանզի նրա վերադարձով ոչինչ չէր փոխվելու: Արդեն վաղուց Հայաստանը կորած էր Ոստանի համար, ինքը՝ Ոստանը, Հայաստանի: Նա շատ բան է հասկացել, արժեքների վերագնահատում է արել, բայց արդեն ուշ է և պատահական չէ, որ վերադառնում է՝ սոսկալով վերադարձից: Անիմաստ վերադարձից: Եվ ընկնում է կես ճանապարհին:
-Ոստանի ճակատագիրը ոչ բոլոր հայերն են կիսում: Ոմանք, ինչպես նշեցիք, կարողանում են բարեկեցիկ կյանքի հասնել:
-Բարեկեցությունն էլ չի ապահովագրում այն վտանգներից, որոնք անհաջողակին են հետապնդում, և որոնցից գլխավորը ազգային ինքնության կորուստն է: Դրսում ոչ մեկին չի հետաքրքրում ու հուզում քո հայ լինելը, նրանց ցանկությունը քեզ իրենց հասարակությանը ինտեգրելն է: Չափազանց խոսուն է ռուս մի հասարակական գործչի վերջերս հնչեցրած արտահայտությունը՝ ի պաշտպանություն Ռուսաստանի հայերի. «Լավն են մեր հայերը, շատ լավը, նրանք հայերեն էլ չեն խոսում այլևս, միայն ու միայն ռուսերեն»: Իսկ մենք, իմ տպավորությամբ, երբեմն ասես գովազդում ենք արտագաղթը: Մի այնպիսի հաճույքով ենք ցուցադրում ու պատմում ԱՄՆ կամ այլ երկիր տեղափոխված որևէ երգչի մասին, որ հեռուստադիտողին մնում է նախանձից տրաքել: Կամ Ռուսաստանում անուն հանած հայ ենք փնտրում, որ արձանը կանգնեցնենք: Սա միայն մի բան է նշանակում է, որ մենք, անկախ պետականություն ձեռք բերելով հանդերձ, չենք ձերբազատվել համայնքային խղճուկ մտածողությունից:
-Ոստանի պատմության մեջ ցավ, զղջում, կարոտ կա: Բայց չէ՞ որ շատերը չեն էլ վերլուծում օտար հողում լինելու լավ ու վատ կողմերը:
-Ավելի վատթարն էլ կա: Արտերկրում ես ականատես եմ եղել, թե ինչպես մի կին ասաց, որ մի շաբաթ է՝ Հայաստանից եկել է և դեռ ուշքի չի գալիս: Ինձ թվաց` կարոտից, հոգով-մտքով էլի Հայաստանում է: Պարզվեց` ընդհակառակը, այնքան վատ էր Հայաստանում, որ թեև եկել, պրծել է, բայց դեռ ճնշված է: Մեկ ուրիշ դեպք. 90-ականներն էին, սև կաշվե բաճկոններով կանայք ու տղամարդիկ «Զվարթնոցում» նստեցին ինքնաթիռ: Կանանցից մեկը փորձանքից փրկված մարդու ձայնով ասաց` վա՜յ, վերջապես, ավելի լավ է գնանք Ռուսաստանի հողն ուտենք, քան Հայաստանի հացը: Ընդունում եմ, ցուրտ-մութ տարիներ էին, բայց այդպե՞ս մտածել: Սա էլ արդեն օտարամոլության ու շահամոլության դրսևորում է:
-«Ոստանի վերջին ճամփորդությունը» գրքում տեղ է գտել նաև «Ազատ հայը» վեպը: 90-ականներին բավական մեծ թվով երիտասարդներ խուսափեցին զինվորական ծառայությունից, լքեցին երկիրը: Կարծես մոռացել ենք նրանց մասին: Ի՞նչ եղան, մնացին դրսո՞ւմ, կարո՞ղ են կամ ջանո՞ւմ են հետ գալ: «Ազատ հայը» հենց այս խնդիրն է բարձրաձայնում: Ո՞վ է ազատ հայը:
-Ազատ հայերի կոչին, որ հիշատակել եմ վեպի վերջում, հանդիպել եմ Ա1+ կայքում: Մեջբերել էին ամերիկացի մի գործչի խոսքը` «Ազատությունը վեր է անկախությունից և պետականությունից»: Այսինքն` մեզ ոչ պետություն է պետք, ոչ անկախություն, կարևոր է ազատ լինենք: Շատ լավ, չկա հայկական պետություն, առավել ևս, անկախ, բայց մի որևէ երկրում պիտի ապրե՞ս: Ընդ որում, սա էլ դեռ ազատության երաշխիք չէ, քանզի բնակությանդ երկրում գործում է հայկական համայնք, քեզ պարտադրում է այս ու այն գործողությունները: Ազատ հայ դառնալու համար մնում է միայն մի ճանապարհ՝ հայ լինելդ, հայկական խնդիրները մտքիցդ ու հոգուցդ հանելը: Ինչն էլ, ի վերջո, անում է վեպի հերոսը: Ամեն ինչ, ուրեմն, հրաշալի է, նա ազատ հայ է, ցավոք, հիմա էլ սոսկ անազատ եվրոլանդցի:
-Հայկազուն Ազատյանը նախատի՞պ ունի:
-Որոշ չափով՝ այո: Լիտվական հեռուստատեսության մի հաղորդում եմ դիտել ժամկետային զինվորական ծառայությունից խուսափած, Լիտվա փախած մի երիտասարդի մասին: Մեր իշխանությունները գտել էին նրան և պահանջում էին հանձնել Հայաստանին: Տղան արդեն ամուսնացած էր լիտվուհու հետ, երեխա ուներ: Հաղորդումը մեջընդմեջ ընդմիջվում էր վավերական տեսանյութով, ցուցադրում էին առնվազն տասնամյա հնության ղարաբաղյան պատերազմի կադրեր՝ տանկեր, գրոհի գնացող զինվորներ, քաղաքային փլատակներ, փլատակների մեջ դեգերող կերպարանքներ: Բանից անտեղյակ հեռուստադիտողը միայն մի եզրակացություն կարող էր անել՝ ինչպե՞ս կարելի է այս երիտասարդ հորը գցել այս մսաղացի մեջ: Այնպես որ, զարմանալի չէ, որ այդ տղան չհանձնվեց Հայաստանին, քաղաքացիություն ստացավ, մնաց Լիտվայում: Շուրջ տասն օր անց ևս մի տհաճ բան լսեցի. մի հայ ընտանիք մասնակցում էր հեռուստատեսային շոուի: Հարց տրվեց` այստե՞ղ է լավ, թե՞ Հայաստանում: Ընտանիքի մայրն առանց այլևայլության վճռական ու ոգևորված բացականչեց` այստե՛ղ: Մի քանի օրից նույն հարցը մի չեչենի տրվեց: Վերջինս պատասխանեց` գիտե՞ք, Լիտվան հրաշալի երկիր է, ես երախտապարտ եմ ինձ շնորհված կեցության իրավունքի համար, բայց հայրենիքն այլ բան է, ինձ համար Չեչնիայից լավ երկիր չկա: Այ, սա բոլորովին ուրիշ, արժանապատիվ մարդու պատասխան էր:
-Առաջին հայացքից Հայկազունը դրական գծերով օժտված երիտասարդ է, որ ծնողների դրդմամբ հայտնվել է օտար երկրում: Բազմաթիվ դժվարությունների միջով անցնելով` հասել է որոշակի դիրքի: Գիրքը փակում ես, ու հասկանում, որ գործ ունես բացասական կերպարի հետ, ով ունակ է ուրանալու երկիրը, ինքնությունը, հրաժարվելու իր երկրի քաղաքացիությունից: Հանուն անձնական շահի հայրենիքը ներկայացնելու «բռնատիրական և հանցագործ» երկիր:
-Հայկազուն Ազատյանը, ինչպես ասում են, նորմալ երիտասարդ է, բավականին բարեկիրթ, զարգացած, կապված իր ընտանիքին ու Հայաստանին: Օտարության մեջ նա հաճախ է զղջումի պահեր ապրում, խղճի խայթ զգում, բայց հոգեկան բոլոր տվայտանքներն ավարտվում են նրանով, որ նա ի վերջո շրջանցում է այդ խութերը: Նրա բոլոր քայլերը, ըստ էության, նահանջներ են, դավաճանություններ, սկզբում փոքրիկ, հետո կամաց-կամաց ահագնացող: Պարզ է, որ եթե չփախչեր, ծառայությունն արդեն ավարտած կլիներ, տուն վերադարձած, սիրած աղջկա հետ ամուսնացած: Նա հաշվենկատորեն ամուսնանում է Եվրոլանդում, չսիրած կնոջ հետ, դնում իր բարեկեցության հիմքերը: Այդ ընթացքում կորցնում է ծնողներին, որոնց հուղարկավորությանը, բնականաբար, չի մասնակցում: Այսպիսով, թե՛ ծնողներն են պատժվում, թե՛ նա: Մնում է բոլոր կապերը խզել հայրենիքի հետ և գոհանալ նրանով, որ դու այսուհետ բարեկեցիկ եվրոլանդցի ես:
-Գրքում անդրադարձ կա նաև Մարտի 1-ի դեպքերին, բայց, մի տեսակ` հարևանցի, ոչ գրողի հայացքով:
-Վեպի առանցքը Հայկազուն Ազատյանն է, և Մարտի 1-ը դիտարկվել է նրա աչքերով: Իսկ նա զբաղված է վերլուծելով` ի՞նչն է իրեն ձեռնտու, ինչը՝ ոչ, ո՞ր զարգացումներից ինչ շահ կարող է ունենալ: Եվ նրա համակրանքն ընդդիմության կողմն է միայն մի պատճառով, որ խոստացվել է՝ ընդդիմության հաղթանակի դեպքում մինչև 2005 թվականը զինվորական ծառայությունից խուսափածները կարող են ազատ վերադառնալ հայրենիք:
-Այսինքն, կարելի է վտանգի ժամանակ լքել երկիրը, հետո արտոնություն ունենալ վերադառնալո՞ւ:
-Հեգնանքը վեպում, ինձ թվում է, ակնառու է: Իմ հերոսը 2000-ին է փախել: Հետևաբար, այսպես կոչված, ավելի քան վաստակավոր վետերան է: Լևոն Տեր-Պետրոսյանի համար էլ դա, թերևս, ավելի շատ նախընտրական խոստում էր:
-Քառօրյա պատերազմից հետո շատ բան փոխվել է: Այսօր հեղինակություն, հարգանք է վայելում սահմանին կանգնած զինվորը:
-Դրական տեղաշարժ, իրոք, կա: Հատկապես, որ շեշտվում էր հայ զինվորի քաջությունը: Իհարկե, ցանկալի է, որ բանակի ռազմական հագեցվածությունը, պաշտպանական համակարգը համարժեք լինեն զինվորի մարտունակությանը, այնուհանդերձ, փառք ու պատիվ մեր զինվորներին: Կարծում եմ՝ այսուհետ զինվորական ծառայությունից խուսափելը կդժվարանա երկուստեք՝ թե՛ խուսափող կողմի համար, թե՛ նրանց, մեղմ ասած, ընդառաջողների: Եթե շատ լավատես լինենք, կարող ենք ակնկալել, որ մեր քաջարի զինվորների ու սպաների շարքում առաջիկայում կլսենք նաև օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների և նույնիսկ գեներալների զավակների անունները: Ինչպես, օրինակ, առայսօր հիշում ենք, որ Հայաստանի առաջին Հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունու որդիները ծառայում էին գործող բանակում:
-Կոստան Զարյանը «Նավը լեռան վրա» վեպում ասում է. «Հայաստանը մենակ է, դաժանորեն մենակ»: Հայաստանը մենակ էր նաև ապրիլյան պատերազմում: Բայց մեկուսացումը նույնպես ելք չէ:
-Ընդհանրապես ելք չէ: Մեր ողբերգությունն այն է, որ մեր բոլոր դիվանագիտական քայլերը, աջակցության որոնումները, ի վերջո, գալիս հանգում են Ռուսաստանին, որը, մեր իսկ աջակցությամբ, մեզ դրել է մի այնպիսի վիճակի մեջ, որ իր հույսին մնանք: Եվ դրանք սոսկ այսօրվա սերմեր չեն, ցանվել են դեռևս Ներսես Աշտարակեցու ձեռքով, ով, մի անգամ արդեն հիշեցրել եմ, բայց, ոչինչ, կրկնեմ՝ համայն հայությանն ուղղված շրջաբերականում բառացի ասում էր, որ ռուսաց գերհզոր կայսրն իր հզոր աջը տարածել է մեզ վրա ոչ այնքան իր շահի, որքան մեր բարօրության համար: Եվ այս ինքնախաբեությունից ընդամենը մի քանի տարի անց, երբ Հարավային Կովկասն ամբողջովին նվաճված էր, հայերը զարմանում էին՝ Ռուսաստանը հավասար աչքով է նայում թե՛ իրեն այդքան օգնած հայերին, թե՛ ռուսների դեմ կռված թաթար-թուրքերին: Հայերը չէին ուզում հասկանալ և չհասկացան, որ Ռուսաստանի համար գերակա է իր շահը, իսկ իրենք սոսկ այդ շահին ծառայող գործիք են: Անցած երկու դարում այս մոլորությունը միայն խորացավ: Գալով այսօրվան, սխալված չենք լինի ասելով, որ Ռուսաստանին ամենևին ձեռնտու չէ պաշտպանունակ, ուժեղ Հայաստանը: Ընդհակառակը, գերադասելի է թույլ, Ռուսաստանի հույսին մնացած Հայաստանը, քանզի Ռուսաստանին մենք պետք ենք սոսկ որպես ոտքի տեղ, և իրեն անհրաժեշտ այդ ոտքի տեղը նա կպաշտպանի այն չափով, որքան անհրաժեշտ կհամարի: Բայց, միևնույն է, հանցանքը նաև մերն է, որ չկարողացանք արժանապատիվ դաշնակցային հարաբերություններ կառուցել: Ի միջի այլոց, արտագաղթը ձեռնտու է ոչ միայն Ադրբեջանին ու Թուրքիային, այլև Ռուսաստանին, որովհետև մարդկային ռեսուրսից զրկվող Հայաստանը թուլանում է:
-Արտագաղթը վերին աստիճանի մտահոգող խնդիր է:
-Իսկ իշխանությունների համար, սկսած դեռ 90-ականներից, սոցիալական հարցի լուծում: Ինչքան շատ գնան, այնքան լավ, ներսում գլխացավանք չի լինի, դրսից էլ կշատանան տրանսֆերները: Այսինքն, իշխանությունները խթանեցին պատմականորեն մեր ժողովրդի մեջ արմատացած սովորույթը՝ դժվարությունները հաղթահարել բնակության վայրը փոխելով: Զարմանալի չէ, որ ԽՍՀՄ-ի տարիներին արտագաղթում էին հայերն ու հրեաները, հրեաները՝ իրենց հայրենիք՝ Իսրայել, հայերը` տարբեր երկրներ: Խոպան՝ արտագնա աշխատանքի, նույնպես հայերն էին մեկնում, թեև չի կարելի ասել, թե սովխոզում ու կոլխոզում աշխատանք չկար: Իսկ ներկա խթանվող արտագաղթը, բառիս բուն իմաստով, դատարկում է գյուղերը: Ոմանք, իհարկե, սրա մեջ վատ բան չեն տեսնում: Գեներալ Մանվելը, օրինակ, ասում է` բա ի՞նչ, սա հո սովետ չի՞, որ բերի, ամեն ինչ լցնի, թող գնան դրսերում աշխատեն, փող բերեն: Սովետի ավելի շքեղ գովազդ դժվար է պատկերացնել:
-«Ոստանի վերջին ճամփորդությունը» ուղղված է հայ ընթերցողին: Բայց քանի՞սը գիտեն այդ գրքի մասին:
-Մեկ-երկուսը հաստատ գիտեն: Նախ՝ «Նորք» հանդեսում է տպագրվել, անդրադարձներ եղան, բայց նույն ընթացքում` 2009-ին, «Ժամանակի գետը» վեպս պետական մրցանակի արժանացավ, ու «Ոստանի վերջին ճամփորդությունը» ստվերում մնաց: Արձակ գրքի տպաքանակն այսօր առավելագույնը 500 օրինակ է, եթե նույնիսկ բոլորը վաճառվեն, ինչպես եղավ «Ժամանակի գետի» դեպքում, միևնույն է, դարձյալ դժվար է ասել՝ գիրքը հասավ ընթերցողին:
-Գրական ի՞նչ նորությունների կարող է սպասել ընթերցողը:
-Աշխատում եմ նոր գրքի վրա: «Պողոս-Պետրոս» է վերնագրված: Շուրջ երկու հարյուր տարվա պատմություն է ներկայացված՝ 19-րդ դարի սկիզբ, Առաջին համաշխարհային պատերազմ, խորհրդային տարիներ, մեր այսօրը: «-Պողոս, գտա՞ր: / - Չէ՜:/ - Պետրոս, գտա՞ր:/ - Չէ՜:» բնաբանով:


Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 2300

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

վարկած' width='220' height='163' />
Պետություն կառավարող լենինյան տխրահռչակ «խոհարարի» նոր վարկած

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն
Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն